ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանի Եղցահող գյուղում են և ապահովում են բնակչության անվտանգությունը. Վահրամ Պողոսյան
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Շուշիի շրջանի Եղցահող գյուղից ՊԲ զինծառայողների դուրս գալու և տեղի բնակչության անպաշտպան մնալու վերաբերյալ տեղեկություններին:
«Եղցահողի անվտանգությունը ապահովում են մեր զորամիավորումները՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Տարածքային որևէ զիջում չի եղել հօգուտ թշնամու, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է»,- նշել է Պողոսյանը:
Նախօրեին Եղցահողի գյուղապետը հայտնել էր, որ գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, և որ գյուղն անպաշտպան է մնացել: