Հարավային Կորեայի իշխանություններն «իրենց ձեռքով բաց են թողել միջկորեական հարաբերությունների լավացման շանսը». Փհենյան
Սեուլը կափսոսա ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ սկսելու համար, քանի որ Հարավային Կորեայի իշխանություններն «իրենց ձեռքով բաց են թողել միջկորեական հարաբերությունների լավացման շանսը եւ մեր բարի կամքին պատասխանել են թշնամական գործողությամբ»։ Այս մասին հայտարարել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ Կիմ Են Չհոլը։
«Մենք այնպես կանենք, որպեսզի նրանք ամեն ժամ զգան, թե ինչ վտանգավոր ընտրություն են կատարել, անվտանգության ինչ վտանգավոր ճգնաժամի են մոտենում նրանք սխալ ընտրության հետեւանքով»,- ասվում է Կիմ Են Չհոլի հայտարարությունում, որը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ Սեուլին ընտրություն էր տրամադրվել՝ անցկացնե՞լ զորավարժություններ, թե՞ ոչ։ «Ակնհայտ է, որ եթե Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը անփոփոխ ընտրել են առճակատումը մեր պետության հետ, ապա մենք էլ կարող ենք այլ ընտրություն կատարել»,- ասել է նա։
Մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Ե Չժոնը, քննադատել էր Հարավային Կորեային եւ ԱՄՆ-ին համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։ Նրա կարծիքով՝ զորավարժությունները «Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ թշնամական քաղաքականության առավել վառ արտահայտությունն են՝ ուղղված մեր պետության ուժային ճնշմանը»։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը ավելացրել է, որ Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի «ԱՄՆ-ը դուրս բերի իր ագրեսիվ զորքերը եւ ռազմական տեխնիկան Հարավային Կորեայից», տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ համատեղ զորավարժություններն ամեն տարի տեղի են ունենում օգոստոսին։ Երեքշաբթի երկու երկրները սկսել են զորավարժությունների նախապատրաստությունը, որոնք պետք է մեկնարկեն հաջորդ շաբաթ։ Փհենյանն արդեն վաղուց դեմ է հանդես գալիս նման զորավարժություններին՝ դատապարտելով դրանք որպես ներխուժման փորձի պատրաստություն։