Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու, որը փոխելու է այս իրավիճակը․ Գեղամ Նազարյան
Ամենավատ բանն այն է, երբ մեծ աղետից հետո գիտակցում չկա, որ աղետը եղել է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Երբ սպառնում են, «մատ են թափ տալիս», հետո ամբիոնին է մոտենում Բաբկեն Թունյանը, լսում ես ու ասում՝ փառք Աստծո, հարևան խմբակցությունում կան մարդիկ, որոնք իսկապես մտածում են երկրի մասին։ Հետո նորից հայտնվում է մեկը, որն սպառնում է խեղդել բնում, նորից պողպատե մանդատ է ցույց տալիս»,-ասաց նա՝ կոչ անելով հասկանալ, թե երկիրն ինչ վիճակում է։
«Ամեն բառն ասելիս հաշվի առեք, որ մի երկրում ենք, որտեղ այսօր հազարավոր տղերք պետք է շարունակեին ծառայությունը բանակում կամ վերադարձած լինեին, քայլեին փողոցում, բայց չեն քայլում։ Մենք ապրում ենք այն երկրում, որտեղ դեռ հետպատերազմյան շոկը չի անցել և երկար ժամանակ չի անցնելու։ Ես ուզում եմ՝ ստեղծենք քննիչ հանձնաժողով, որը ղեկավարի ոչ թե կառավարող ուժը, այլ ընդդիմությունը, և առանց աղմուկի, ցուցադրության, քաղաքական վարկանիշ հավաքելու պարզենք, թե ինչու մեր երկրում պատերազմ եղավ»,-ասաց նա։
Նազարյանն ընդգծեց՝ որքան էլ փորձեք ապրել այնպես, ասես չի եղել 44 օրը ու դրան հաջորդող իրադարձությունները, իրականությունը չի փոխվելու։
«Բոլորս պետք է գիտակցենք, որ այն ընտրությունները, որ եղան հունիսին, երկրում իրավիճակ փոխելու համար էին, բայց դա չեղավ, որովհետև մենք գնացինք աստվածային, բնական, մարդկային, նույնիսկ կենդանական օրենքների դեմ։ Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, չի կարող լինել, որքան էլ ուզեք, դա չի լինի, դրա համար այս վիճակը փոխվելու է, շուտով լինելու է նոր իրավիճակ, քաղաքական նոր հոսանք է առաջանալու, որը փոխելու է այս իրավիճակը, բոլորի անձնական շահերից է բխում, որ այդ փոփոխությունը շուտ լինի, որովհետև այս երկիրը հանգուցալուծում է ուզում»,-հայտարարեց Գեղամ Նազարյանը։