Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն․ Իշխան Սաղաթելյան
Խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը, իրենք պետք է լինեին այս դահլիճում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ընտրված պատգամավորներ, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալություններին։
«Այս պահին խախտվում է Սահմանդրության պահանջը։ Մեր ընկերներն արդեն ընտրված պատգամավորներ են, խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը, իրենք պետք է լինեին այս դահլիճում։ Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն»,- նշել է նա։
Հարցին, թե ինչ կանի «Հայաստան» խմբակցությունը, եթե Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգյանը ազատ չարձակվեն Սաղաթելյանն արձագանքեց․ «Երբ որ պետք լինի գալու ենք, երբ որ պետք լինի բոյկետելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերը առաջ տանել»։
Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստացել ենք մանդատ և եկել ենք խորհրդարան մեր պայքարը շարունակելու, պնդում է Սաղաթելյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ընտրել են, որպեսզի հեռացնենք այս իշխանություններին։ Չի ստացվել, բայց մենք այդ պայքարը տեղափոխել ենք խորհրդարան, որ հասնենք մեր վերջնական նպատակին։ Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի, Արցախի , հանուն հայ ժողովրդի իրական ապագայի։ Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել։ Ինչ ասել եմ անցած ինն ամիսների ընթացքում փողոցում, պատրաստ եմ կրկնել յուրաքանչյուր րոպե այս ամբիոնում։ Մեր օրակարգը նույնն է, քանի որ նույնն են երկրի առաջ ծառացած խնդիրները»,- նշեց Սաղաթելյանը։