Նոր Ազգային ժողովի գործողությունները պետք է ուղղված լինեն մեր հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովմանը. Գուրգեն Արսենյան
Հայաստանի ԱԺ-ում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չեն վերաբերում միայն այս խորհրդարանի գործունեությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի առաջին օրը խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից ընտրված պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ անվտանգությունը բավական խստացվել է և շատերը դա կապում են նրա հետ, որ Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 27 է եղել, 2020-ի նոյեմբերին հարձակման է ենթարկվել ԱԺ շենքը, մահափորձ է եղել ԱԺ նախագահի նկատմամբ:
«Մենք տեսել ենք, որ խորհրդարանի շենքի պատերի ներսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն: Մենք պետք է հաշվի առնենք այն ժամանակահատվածը, որտեղ ապրում ենք: Մենք անցած տարի ունեցել ենք մեզ համար ցավալի լայնածավալ պատերազմական գործողություններ: Հարևան պետության հետ մեր հարաբերությունները դիվանագիտականից անցել են մարտականի: Չմոռանանք, որ մարտական գործողությունները կարող են իրականացվել նաև այլ գործիքակազմով ՀՀ-ում»,-ասաց նա:
Արսենյանը նկատեց, որ այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ ունի հրադադարի համաձայնագիր, բայց չունի խաղաղության պայմանագիր, որը մեզ ավելի մեծ վստահություն կտար, որ ՀՀ ներքին քաղաքական գործընթացներում չկա այլ երկրների մասնակցություն:
«Չմոռանանք, որ այլ երկրների մասնակցությունը չի սպառվում միայն հարևան պետության մասնակցությամբ: Կան երկրներ, որոնք ևս շահեր ունեն տարածաշրջանում և որոնք ունեն նաև իրենց գործիքակազմը, որը երբեմն դուրս է մեր պատկերացումներից: Կան նաև կազմակերպություններ, որոնք ռադիկալ բնույթի կազմակերպություններ են, հետապնդում են ավելի ակտիվ, դեստրուկտիվ նպատակներ, որոնք պետական կազմավորումներ չեն, այլ ծայրահեղական, ահաբեկչական, կրոնական կազմակերպություններ են, որոնց թիրախում կարող ենք հայտնվել նաեւ մենք»,-ընդգծեց պատգամավորը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վարչապետը տեղեկացնում է այն պրոցեսներից, որոնք այս պահին ընթանում են։ Վստահ է Գուրգեն Արսենյանը։
«Կարող էր և չասել, բայց Փաշինյանի ազնվությունը այն է, որ նա մեզ տեղակացնում է այն պրոցեսներին, որոնք այս պահին ընթանում են։ Թե ինչ գործիքակազմով մենք կկարողանանք իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, ապա մեր պատկերացնումների մեջ կան որոշակի կարմիր գծեր, որոնցից այն կողմ մենք չենք անցնելու։ Սակայն քանի որ մենք հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկիր, կարծում ենք, որ կարող ենք նաև մեր ընդհանուր սահմանների պաշտպանության ժամանակ փորձել ներգրավել մեր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նոր Ազգային ժողովի գործողությունները պետք է ուղղված լինեն մեր հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովմանը։
«Իմ կարծիքով՝ անձեռմխելիության պաշտպանությունը պետք է լինի քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով, որովհետև ռազմական գործիքակազմը ծայրահեղ միջոց է։ Մենք ջանում ենք, որ ամեն ինչ չհասնի մարտական գործողությունների, որովհետև մարտական գործողությունների պարագայում մնացած ջանքերն առոչինչ են»,- ընդգծեց Գուրգեն Արսենյանը։