«Բացարձակ անհեթեթություն է». Պակիստանի վարչապետը հերքել է երկրից զինյալների կողմից Աֆղանստանի սահմանը հատելու տեղեկությունը
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Պակիստանի զինյալները հատել են Աֆղանստանի սահմանը՝ այդ երկրի կառավարության դեմ պայքարում թալիբներին օգնելու համար, հայտնում է Al Jazeera լրատվականը։
«Սա բացարձակ անհեթեթություն է», - ասել է Պակիստանի վարչապեը՝ PBS NewsHour հաղորդմանը տված հարցազրույցում՝ նշելով, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմի հետևանքով Պակիստանը մեծապես տուժել է։ Նա նշել է, որ իր կառավարությունն ԱՄՆ-ին թույլ չի տա, հետախուզական աշխատանքներ կատարելու կամ հակահարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով, Պակիստանի ներսում որևէ հենակետ ստեղծել։
Նա նշել է, որ Պակիստանն է թալիբներին դրդել Աֆղանստանում պատերազմի դադարեցման նպատակով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և հավելել, որ Աֆղանստանում լավագույն քաղաքական լուծումը «ներառական կառավարությունն է»։
Պակիստանի վարչապետն իր հարցազրույցի վերջում ասել է․ «Սա լավագույն ելքն է։ Այլ լուծում չկա, քանի որ ռազմական լուծումը ձախողվել է»։
Կառավարական ուժերի և թալիբների միջև բախումներն ավելի հաճախակի են դարձել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև արտասհամանյան ռազմարշավը` Աֆղանստանում առաքելությունն ավարտելու որոշման մասին: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում է հարձակման տեմպերը: