Արդյո՞ք չարժե քրեականացնել պատգամավորներին, կառավարության անդամներին վիրավորանք հասցնելը․ ՄԻՊ-ին, զինվորին, դատավորին վիրավորելը քրեական պատասխանատվություն է նախատեսում․ Ն․ Բաղդասարյան
Արդյո՞ք չարժե քրեականացնել պատգամավորի, կառավարության անդամների, տարբեր սուբյեկտների նկատմամբ վիրավորանք հասցնելը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ դիմելով հայհոյանքը քրեականացնող նախագծի զեկուցող Վլադիմիր Վարդանյանին։
«ՔՕ-ում անտրամաբանական բան կա՝ ՄԻՊ-ի, զինվորի, դատավորի, դատախազի նկատմամբ վիրավորանքը քրեական պատասխանատվություն է նախատեսում, բայց պատգամավորի, կառավարության անդամի նկատմամբ վիրավորանքը՝ ոչ։ Պատգամավորին եթե ասեն՝ «ա՛յ սուտասան», այս նախագիծը չի պաշտպանում, ինչու՞, ի՞նչն է պակասում, որ քրեականացնենք պատգամավորին վիրավորանք հասցնելը»,-հարցրեց Բաղդասարյանը։
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ վիրավորանք ապաքրեականացնելուց հետո ՔՕ-ում պահպանվել են հատուկ հոդվածներ, որոնք նախատեսում էին քրեական պատասխանատվություն՝ որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված որոշակի սուբյեկտներին վիրավորանք հասցնելու համար, սակայն այս նախագիծը, Վարդանյանի խոսքով, չի վերաբերում վիրավորանքին։
«Սուտասան բառը գուցե վիրավորի, բայց իմ արժանապատվությունը ծայրահեղ եղանակով չի նվաստացնի։ Խոսքը վերաբերում է հայհոյանքին ու այլ համարժեք դրսևորումներին։ Եթե առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրանքանչյուր ոք օժտված է արժանապատվությամբ և դա է նրա իրավունքների ու ազատությունների հիմքը, ապա ես չեմ կարող հասկանալ՝ ինչու պետք է պաշտպանենք պատգամավորներին, և չպաշտպանենք մշակին, տաքսու վարորդին, ում արժանապատվությունը նույնպես ծայրահեղ աստիճան անպարկեշտ եղանակով վիրավորվում է։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի»,-ասաց պատգամավորը։
Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց՝ նախագծում շեշտադրում են, որ հայհոյանքից են պաշտպանում, ապա ընդգծեց․ «Հրաչյա Աճառյանի բառարանում հայհոյանքը մարդու մասին ցանկացած սուտ տեղակատվություն հայտնելն է, Դուք ամբիոնից խոսում եք սեռական հայհոյանքի մասին, մինչդեռ նախագծում ներառել եք հայհոյանք բառը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։