Ալյասկայի ափերի մոտ 8,2 մագնիտուդով երկրաշարժը դարձել է 1965 թ. ի վեր ամենաուժգինը
Հուլիսի 28-ին 8,2 մագնիտուդով երկրաշարժն ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ դարձել է ամենաուժգինը 1965 թվականից ի վեր: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեյսմոլոգներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 1964 թվականի մարտին գրանցվել է 9,2 մագնիտուդով երկրաշարժ:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ տարերքի հետևանքով ամենամեծ վնասը հասցվել է Անքորիջ քաղաքին: Բացի դրանից, երկրաշարժն առաջացրել է ցունամի, որը մոլեգնել է Ալյասկայի ծոցում, ԱՄՆ-ի արևմտյան ափին և Հավայան կղզիներում: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հաղորդել է Ալյասկայից ոչ հեռու երկրաշարժի մասին, որի մագնիտուդը կազմել է 8,2: Էպիկենտրոնը գտնվել է Անքորիջից 789 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք:
Օջախն ընկած է եղել 46,7 կիլոմետր խորության վրա: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 28 հետցնցում: Երկրաշարժից հետո ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին:
Այս պահին սպառնալիքը չեղյալ է հայտարարվել Ալյասկայի թերակղզու, Ալեուտյան կղզիների ափամերձ շրջանների, Ալյասկայի հարավային ափի, ինչպես նաև Հավայան կղզիների և Գուամի համար: Վտանգավոր շրջանների բնակիչներին խորհուրդ չի տրվում վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ տեղական իշխանությունները տարածքներն անվտանգ չհայտարարեն: