Netflix-ն իր նախագծերում նկարահանվող դերասաններին կպարտադրի պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ամերիկյան Netflix հոսքային ծառայությունն իր նախագծերում նկարահանվող դերասանների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին որոշում է ընդունել, իր աղբյուրներին հղումով հայտնում է Deadline-ը։
Նշվում է, որ Netflix-ը դարձել է առաջին հոլիվուդյան ընկերությունը, որը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում նման միջոց է ձեռնարկել:
Ինչպես հայտնում է պարբերականը, ընկերության տնօրինության որոշումը վերաբերում է ոչ միայն դերասաններին, այլև նկարահանող թիմերին, նկարահանման հրապարակներում աշխատող անձնակազմին։
Հրատարակության տվյալներով՝ Netflix-ը կարող է բացառություններ սահմանել այն մարդկանց համար, որոնք կհրաժարվեն պատվաստվել բժշկական, կրոնական կամ այլ կարևոր պատճառներով։
Նշվում է, որ Netflix-ի՝ պարտադիր պատվաստումների մասին որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ում COVID-19-ի չորրորդ ալիքով։
Netflix ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում։ 2013 թվականից Netflix-ը զբաղվում է սեփական ֆիլմերի, սերիալների և հեռուստահաղորդումների արտադրությամբ: