Կիմ Չեն Ընը կորոնավիրուսի պատճառով ճգնաժամը համեմատել է Կորեական պատերազմի տարիներին ԿԺԴՀ-ում ստեղծված իրավիճակի հետ
Այն ճգնաժամը, որը ԿԺԴՀ-ին պատուհասել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, համեմատելի է Կորեական պատերազմի ժամանակ ստեղծված իրավիճակի հետ: Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 68-րդ տարելիցին նվիրված վետերանների ազգային խորհրդաժողովում հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք բախվում ենք զրկանքների և դժվարությունների, որոնք առաջացել են առողջապահության ոլորտում համաշխարհային աննախադեպ ճգնաժամի հետևանքով, և պահպանվող երկարատև մեկուսացումը վերածվել է ոչ պակաս բարդ փորձության, քան պատերազմի ժամանակ առաջ եկած փորձություններն էին»,- ասել է նա:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ ներկայիս սերունդը պետք է շարունակի պատերազմում հաղթած նախնիների ավանդույթները և երկիրը մղի հետագա բարգավաճման:
Կորեական թերակղզում մարտական գործողությունները սկսվել են 1950 թվականի հունիսի 25-ին և ավարտվել 1953 թվականի հուլիսի 27-ին: ԱՄՆ-ի գլխավորած 17 պետությունների կոալիցիան Հարավային Կորեայի կողմից պատերազմել է ԿԺԴՀ-ի դեմ, որին աջակցել են Չինաստանն ու Խորհրդային Միությունը:
Մարտական գործողություններն ավարտվել են Կորեայի Հյուսիսի և Հարավի միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ:
Նշենք նաև, որ Փհենյանի պնդմամբ՝ երկրում համավարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկել վարակի դեմ պայքարելու համար, մասնավորապես, սահմանային խիստ հսկողություն են սահմանել։