Կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո աշխարհն ավելի վտանգավոր կդառնա. Ժոզեպ Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո աշխարհն ավելի վտանգավոր կդառնա, հայտնում է Regnum լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սանտանդեր քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի հայտարարությանը։
Ըստ Բորելի՝ «կորոնավիրուսը միջազգային ասպարեզում փոխել է բոլոր պարամետրերը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ աշխարհը «լինելու է ավելի անհավասար, ասիական և թվային, ինչպես նաև ավելի վտանգավոր՝ պայմանավորված լարվածության ու հակամարտությունների սրմամբ»։ Բորելի կարծիքով՝ կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո գերակշռելու է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև մրցակցությունը։
«Մենք 1 համավարակ ունենք, սակայն կարող է և ավելին լինել», - ասել է Բորելը՝ հավելելով, որ «քննարկվում է համաճարակներին դիմակայելու համար ԵՄ-ին ավելի շատ լիազորություններ տրամադրելու հարցը»։