Անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակում են գործել Ֆրանսիայում Կուբայի դեսպանատան վրա. Կուբան մեղադրում է ԱՄՆ-ին
Անհայտ անձինք հարձակում են գործել Ֆրանսիայում Կուբայի դեսպանատան վրա՝ կիրառելով Մոլոտովի կոկտեյլներ (վառվող նյութերով լի շիշ), հայտնում է «Իզվեստիա» լրատվականը՝ հղում տալով դիվանագիտական ծառայության կայքին։
«Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ֆրանսիայում Կուբայի դեսպանատունը դարձել է Մոլոտովի կոկտեյլներ նետած երկու անձանց կողմից իրականացված ահաբեկչական հարձակման թիրախ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել շենքի ճակատային մասում և մուտքի մոտ։ Մեր երկրի դեմ նման ահաբեկչական գործողությունները խրախուսվում են Միացյալ Նահանգների կառավարության կողմից», - ասված է դիվանագիտական ծառայության տարածած հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ աշխատակիցները չեն տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել։
Կուբայի դեսպանատունը դատապարտել է հարձակումը, իսկ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլիան հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին։
«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է մեր երկրի դեմ շարունակական արշավների համար, որոնք խրախուսում են այդ վարքը և անպատիժ բռնության կոչերը», - գրված է Կուբայի արտգործնախարարի պաշտոնական թվիթերյան հաշվում:
Հայտնի է, որ այս միջադեպը Կուբայի դիվանագիտական ծառայությունների վրա հարձակման առաջին դեպքը չէ։ 2020 թվականի ապրիլին կրակ է բացվել Վաշինգտոնում Կուբայի դեպանատան վրա, որի հետևանքով ոչ ոք չէր տուժել։