Բրազիլիայի նախագահը դժգոհել է, որ երկրի փոխնախագահը երբեմն «խանգարում է իրեն»
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դժգոհել է, որ փոխնախագահ Անտոնիու Համիլտոն Մոուրաուն «երբեմն իրեն խանգարում է»։ Բրազիլիայի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել տեղական ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մոուրաուն կատարում է իր աշխատանքը, թեև շատ հարցերում ինքնուրույն է գործում, ինչը մի փոքր խանգարում է մեզ»,- ասել է Բրազիլիայի նախագահը։
Միևնույն ժամանակ, Բոլսոնարուն ընդգծել է՝ Մոուրաուի հետ «մեծ տարաձայնություններ չունեն»։
«Փոխնախագահն, ասես, կնոջդ եղբայրը լինի։ Քանզի ամուսնացել ես, ստիպված ես համակերպվել նրա գոյության հետ»,- հավելել է քաղաքական գործիչը։
Բրազիլական ԶԼՄ-ները վերջին շրջանում հայտնում են Բոլսոնարուի և փոխնախագահի հարաբերություններում լարվածության մասին: Ըստ հաղորդման՝ փետրվարից նախագահը նրան չի հրավիրում կառավարության նիստերին և նախարարների հետ հանդիպումներին։ Մոուրաուն, իր հերթին, բացեիբաց դժգոհում է, որ ազատ մուտք չունի պետության ղեկավարի մոտ:
Ավելի վաղ Բոլսոնարուն հայտարարել էր, որ 2022-ի նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու դեպքում նա կառաջարկի փոխնախագահի մեկ այլ թեկնածու։