Ինֆորմացիոն արտահոսքը արվում է առաջինը քաղաքական մանիպուլյացիաների նպատակով․ Արման Դիլանյանը՝ ՍԴ դատավորների քվեարկությունների լուրերի մասին
Հաշվի առնելով ընտրություններին նախորդող գործընթացները, քաղաքական լարված իրավիճակը, մենք ցանկանում էինք ապահովել բոլոր կողմերի լսված լինելու իրավունքը և հնարավորություն տայինք, որ հասարակությունն էլ մասնակից լինի այդ պրոցեսին, այսինք լուսաբանվի։ Այս մասին երեկ հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյան՝ անդրադառնաալով արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործի քննությանը։
«Այս նիստը շատ առումներով աննախադեպ էր»,–ասել է նա՝ մասնավորեցնելով՝ աննախադեպ էր մասնակիցների քանակով, դիմողների, պատասխանողների թվով։
Ինչ վերաբերում է իրենց վրա քաղաքական ճնշումներ զգալու մասին հարցին՝ Սահմանադրական դատարանի նախագահն ասել է, որ հաճախ է լսում այդպիսի դատողություններ։ «Բայց ես անկեղծությամբ եմ ասում, որ երբեք ինձ վրա քաղաքական ճնշում չի եղել, երբեք ես ինձ վրա չեմ զգացել ուղղակի կամ անուղղակի քաղաքական ճնշում»,–ասաց նա և նշեց, որ քաղաքական ճնշումը կա այն դեպքում, երբ սասանվում է դատավորը։
Արման Դիլանյանը նշել է՝ ապացույց չունի, որ դատավորների նկատմամբ ճնշումներ եղել են և ավելացրեց, որ Սահմանադրական դատարանի դատական ակտերը դատելով, որպես օբյեկտիվ դիտորդ կարող է ասել, որ ՍԴ–ն որոշումները կայացրել է բացառապես հիմնված սահմանադրությամբ։
Անդրադառնալով ՍԴ դատավորների քվերակությունների վերաբերյալ լուրերի արտահոսքին` նա ասել է, որ դրան բացասական է վերաբերում, սակայն դա կանխելու գործիքակազմը շատ սահմանափակ է։ «Իմ կարծիքով դա արվում է մի նպատակով՝ առաջինը քաղաքական մանիպուլյացիաների, որի շնորհիվ՝ ձևավորելով կարծիք՝ կազդեն դատարանի կամ առանձին դատավորների վրա։ Սահմանադրական դատարանի գործունեության վերջին ժամանակահատվածը ցույց է տալիս, որ այդ մեթոդը ժամանակի և միջոցների իզուր վատնում էր»: