Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ
Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ: Այս մասին երեկ՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
«Ամսվա կտրվածքով, քանի որ ոստիկանությունում աշխատավարձերն ամսվա վերջին են փոխանցվում, դրամական բավարարում դեռևս չկա: Ամենացածր վարձարտրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ: Կվարձատրվեն ըստ զբաղեցրած պաշտոնների, որովհետև մեզ մոտ դասակարգումը գնում է՝ կրտսեր պարեկներ, պարեկներ, ավագ պարեկներ»,- ասել է Ումրշատյանը:
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանն էլ անդրադարձել է Պարեկային ծառայության գործառույթներին:
«Պարեկային ծառայությունը ճանապարհային ոստիկանություն չէ: Պարեկային ծառայությունը շատ ավելին է, քան ճանապարհային ոստիկանությունը, իրականացնում է շատ ավելի մեծ ծավալի գործառույթներ, քան ճանապարհային երթևեկության կանոնների ապահովումը»,- ասել է Հովսեփյանը: