Թունիսում նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին, կասեցրել խորհրդարանի աշխատանքն ու միացել իրադարձությունը տոնող ցուցարարներին
Թունիսում բողոքի ակցիաների ֆոնին նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին և կասեցրել խորհրդարանի աշխատանքը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ ցուցարարները զայրացած են կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած սխալ քաղաքականությունից։
Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։
Նախագահ Քաիս Սայեդը, մասնավորապես, ասել է, որ մտադիր է նոր վարչապետի օգնությամբ խաղաղություն հաստատել երկրում, սակայն այս քայլը նրա հակառակորդների կողմից որպես հեղաշրջում է որակվել։
«Մենք այս որոշումը կայացրել ենք, քանի դեռ սոցիալական խաղաղությունը չի վերադարձել Թունիս, և մենք չենք փրկել պետությունը»,- ասել է նախագահը հեռուստաուղերձում։
Վարչապետին պաշտոնանկ անելուց հետո նախագահը միացել է մայրաքաղաք Թունիսում իրադարձությունը տոնող բազմությանը։
Անվտանգության ուժերն արգելափակել են խորհրդարանի շենքն ու Հաբիբ Բուրգիբա պողոտայի հարակից փողոցները։ 2011 թվականի հեղափոխության ժամանակ հենց այս պողոտան էր հակակառավարական ցույցերի կենտրոնը:
Հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ձերբակալել մի քանի մարդու։ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են իշխող «Վերածնունդ» կուսակցության գրասենյակներ։ Կուսակցությունը դատապարտել է գրասենյակների վրա հարձակումները՝ «հանցավոր խմբավորումներին քաոս առաջացնելու» համար մեղադրելով։ Նախագահը խոստացել է հետագա բռնություններին ռազմական ուժով արձագանքել և շեշտել, որ սահմանադրությամբ նա խորհրդարանի աշխատանքը կասեցնելու իրավասություն ունի։
Խորհրդարանի խոսնակ Ռաշեդ Ղանուշին իրադարձությունը որակել է «հեղափոխության և սահմանադրության դեմ պետական հեղաշրջում»։
Հիշեցնենք, որ Թունիսում հեղափոխություն էր տեղի ունեցել տասը տարի առաջ, որից սկիզբ էր առել «Արաբական գարուն»-ը։ Մեկ տասնամյակ անց, սակայն, Թունիսը պայքարում է տնտեսական խոր ճգնաժամի և կորոնավիրուսային վարակի ամենավատ բռնկումներից մեկի դեմ։