Ավելի քան 5000 անշարժ գույք. Վատիկանն առաջին անգամ բացահայտել է իրեն պատկանող սեփականության մասին տվյալները
Վատիկանն առաջին անգամ բացահայտել է իրեն պատկանող սեփականության և անշարժ գույքի քանակը` հայտնելով, որ դրանց թիվը գերազանցում է 5000-ը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս տեղեկությունը հրապարակվել է երբևէ կատարված ամենամանրամասն ֆինանսական բացահայտման շրջանակում:
Ինչպես նշվում է, տեղեկությունը հրապարակվել է երկու փաստաթղթով` Սուրբ Աթոռի 2020 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվության և Սուրբ Աթոռի եկեղեցական սեփականության վարչության (APSA)` պատմության մեջ առաջին պետական բյուջեի շրջանակում:
APSA-ն ընդհանուր հաշվապահության գրասենյակն է, որը համակարգում է ներդրումները, վճարում աշխատավարձերը և ղեկավարում մարդկային ռեսուրսների բաժինը:
Նշվում է, որ հրապարակված փաստաթղթերը ներառում են աղյուսակներ, քարտեզներ և երկու բացատրական հարցազրույց: Բացի այդ, 30 էջանոց բյուջեում մատնանշվում է 4051 սեփականություն Իտալիայում և մոտ 1120-ը` արտասահմանում` չհաշված դեսպանությունները:
Իտալիայում գտնվող սեփականության միայն 14 տոկոսն է գնահատվում շուկայական գներով, մինչդեռ մյուսները վարձակալվում են ավելի ցածր գներով և հիմնականում տրամադրվում են եկեղեցու աշխատակիցներին: 40 տոկոսն ինստիտուցիոնալ կառույցներ են, ինչպես, օրինակ, դպրոցներ, մենաստաններ և հիվանդանոցներ:
Փաստաթղթերի համաձայն` Սուրբ Աթոռը ներդրումների տեսքով սեփականություն ունի Լոնդոնում, Ժնևում, Լոզանում և Փարիզում: