Աթենքի կենտրոնում պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում COVID-ի դեմ պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, հաղորդում է Reuters-ը։
Ինչպես նշում է տեղի ոստիկանությունը, ցույցին մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ։ Ակցիան տեղի է ունեցել այս ամսվա ընթացքում երրորդ անգամ. մարդիկ դեմ են արտահայտվել աշխատողների, մասնավորապես՝ բժշկական ոլորտում աշխատողների պարտադիր պատվաստումներին։
Ընդ որում, որոշ ցուցարարներ քարեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետել, ուստի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:
Վերջին հարցման համաձայն՝ Հունաստանի բնակչության մեծ մասը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Ընդ որում, 11 մլն բնակչությունից շուրջ 45 տոկոսն արդեն ամբողջությամբ պատվաստվել է:
Հարկ է նշել, որ Հունաստանի իշխանությունները որոշում են ընդունել բժշկական անձնակազմի և ծերանոցների անձնակազմի պարտադիր պատվաստում սահմանել: Բացի այդ, իշխանությունները կոչ են արել դպրոցի ուսուցիչներին պատվաստել մինչև ուսումնական տարվա սկիզբը: