Հորդանանի թագավորը հայտարարել է, որ արաբական որոշ պետություններ դիտարկում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը
Արաբական որոշ պետություններ դիտարկում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը։
Հարցին, թե կավելանա՞ արդյոք արաբական երկրների թիվը, որոնք պայմանավորվածություններ ձեռք կբերեն հրեական պետության հետ, միապետը նշել է․ «Ես չգիտեմ՝ որ երկիրն է լինելու հաջորդը, բայց միտում եմ նկատում Արաբական պետությունների շրջանում, որոնք մտածում են ազգային անվտանգության ոլորտում իրենց շահերի մասին։ Կարծում եմ՝ Իրանի վերաբերյալ մտավախությունների և տարածաշրջանում առկա բազմաթիվ մարտահրավերների պատճառով նրանք դիտարկում են իրենց օրինական շահերից ելնելով Իսրայելի հետ հարաբերությունները պահպանելու հնարավորությունը»։
Նրա խոսքով՝ «չնայած «Աբրահամյան համաձայնագրերը» կարող են ընդլայնվել, չի կարելի դա անել ի վնաս իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկխոսության»։