178 մլն դոլար. ՆԱՍԱ-ն Եվրոպա արբանյակի ուսումնասիրման համար պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) SpaceX ընկերությանն է վստահել 2024 թվականին Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակի ուղեծիր Europa Clipper զոնդը հասցնելու գործը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոնդը տարբեր բարձրություններից ուսումնասիրելու է Եվրոպայի մակերևույթը: Տիեզերանավի մեկնարկը իրականացվելու է Falcon Heavy կրող հրթիռի միջոցով:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 178 մլն ԱՄՆ դոլար:
Europa Clipper զոնդը Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակի արբանյակի վրա կյանքի համար նպաստավոր պայմանների ուսումնասիրման համար հագեցած է լինելու ժամանակակից գործիքներով: Առաքելության ընթացքում ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են բարձր որակի նկարներ անել՝ հասկանալու տիեզերական մարմնի քիմիական բաղադրությունը, ուսումնասիրել երկրաբանական ակտիվությունն ու չափել արբանյակի սառցե ծածկի հաստությունը: