ԱԱԾ նախկին տնօրենից՝ փաստաբան
Ինչպես հայտնի է, փաստաբանությունը լավագույն հանգրվանն է նախկին պաշտոնյաների համար, հատկապես այն պաշտոնյաների, ովքեր աշխատել են իրավապահ համակարգում։ Թերեւս դա է պատճառը, որ պետական համակարգից հեռանալուց հետո ուժային կառույցների աշխատողները սկսում են փաստաբանությամբ զբաղվել, նախկին մեղադրողները, դատողները դառնում են պաշտպաններ։
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ փաստաբանությամբ զբաղվելու նպատակ ունի նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Նա այժմ սովորում է Փաստաբանական դպրոցում, որպեսզի ավարտելուն պես կարողանա ստանալ փաստաբանի արտոնագիր եւ ծավալել գործունեություն։ Պարոն Համբարձումյանի ուսումնառության, ինչպես նաեւ մյուս նախկին պաշտոնյաների ուսանելու մասին տեղեկություններ փորձեցինք ստանալ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանից, սակայն նա «քաղաքավարի մերժեց» մեզ․ «Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը անձնական տվյալ է, որը կարող է հրապարակվել ունկնդրի համաձայնությամբ: Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որը ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, և հաջողությամբ հանձնել է դպրոցի ընդունելության քննությունները, եթե նա չի դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար: Փաստաբանական դպրոցում սովորում են իրավական համակարգի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»:
Ինչեւէ, նման «հույժ գաղտնիության» տվյալների գաղտնազերծումը ընդամենը ամիսների հարց է, հատկապես այս դեպքում, երբ նախկին պաշտոնյաների նոր գործունեությունը լինում է հրապարակային։