10 տարուց ավելի է՝ Թուրքիան պատվարներ է կառուցում Ախուրյանի Կարսաչայ վտակի եւ Արաքս գետի վրա՝ կրճատելով մեր մասնաբաժինը. Aravot.am
Ոռոգման, ջրային ռեսուրսների, հարեւան երկրների հետ ջրային ռեսուրսներից օգտվելու չափաբաժնի եւ այլ խնդիրների շուրջ «Առավոտ»-ը զրուցել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ինեսսա Գաբայանի հետ։
– Տիկին Գաբայան, կրկին ոռոգման սեզոնին գյուղացիները խնդրի առաջ են կանգնում, ոռոգման ջրի սակավություն կա։ Մինչդեռ մենք միշտ լսում էինք, թե Հայաստանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է, ասում են՝ նավթ չունենք, բայց ջուր ունենք եւ այլն։ Ինչո՞ւ է մեր երկրում տարեց տարի ավելի սրվում ոռոգման ջրի խնդիրը։
– Այո՛, նավթ չունենք, բայց ջուր ունենք, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ Հայաստանը ջրառատ երկիր է: ԱՊՀ երկրների մեկ շնչին ընկնող ջրի տարեկան միջին քանակը կազմում է 18 հազ.մ3, իսկ Հայաստանում՝ 2.6 հազ.մ3: Համեմատության համար, հարեւան Վրաստանում այն կազմում է 11.4 հազ.մ3, այսինքն՝ Հայաստանից 4.4 անգամ ավելի:
Մյուս կողմից, մի շարք երկրների հետ համեմատած, Հայաստանում հողագործությամբ կարելի է զբաղվել միմիայն ոռոգման միջոցով, որի արդյունքում ջրօգտագործման պահանջարկը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում:
Իսկ թե ինչու՞ է Հայաստանում տարեց տարի սրվում ոռոգման ջրի խնդիրը, կապված է հիմնականում ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման եւ օգտագործման հետ:
– Ինչո՞ւ է հատկապես Արարատյան դաշտում եւ Շիրակի մարզի որոշ համայնքներում ոռոգման խնդիր առաջանում։