Բեզոսի ընկերությունը նախատեսում է 2021 թվականին ևս 2 տիեզերական թռիչք իրականացնել ուղևորների մասնակցությամբ
Ամերիկյան Blue Origin տիեզերական ընկերությունը, որը պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդուն` Ջեֆ Բեզոսին, այս տարի նախատեսում է ևս երկու ուղևորատար թռիչք իրականացնել New Shepard տիեզերանավով:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը, այս մասին նախօրեին կայացած ասուլիսում հայտնել է միլիարդատեր Ջեֆ Բեզոսը:
«Մենք ուղևորների մասնակցությամբ ևս երկու թռիչք կիրականացնենք այս տարի: Դեռևս վստահ չեմ, թե ինչ ենք անելու հաջորդ տարի: Մենք կորոշենք, թե աստիճանաբար ինչպիսին կդառնա թռիչքների հաճախականությունը: Մենք ցանկանում ենք, որ այն ավելի մեծ լինի»,- հայտնել է Բեզոսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին կաացել է աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի առաջին թռիչքը New Shepard տիեզերանավով: Տիեզերական ուղևորության ժամանակ նրան ուղեկցել են եղբայրը` Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 1-ամյա հոլանդացի Օլիվեր Դեմենը: Վերջին երկուսը դարձել են ամենատարեց և ամենաերիտասարդ անձինք, որոնք եղել են տիեզերքում: Տիեզերանավը հասել է 107 կմ բարձրության վրա: Թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան:
Մարդկանցից բացի՝ տիեզերանավում մի քանի պատմական իրեր են գտնվել` կապված ավիացիայի պատմության հետ, այդ թվում` Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին օդաչու կնոջ` Ամելիա Էրհարթի թռիչքային ակնոցը և Ռայթ եղբայրների առաջին օդանավի թևի մի մասը:
Բեզոսը ցանկություն է հայտնել կրկնել թռիչքը:
«Այո՛, գրողը տանի: Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այս սարքը վերալիցքավորելու համար»,- պատասխանել է գործարարը համապատասխան հարցին: