Ջրհեղեղներ Չինաստանի կենտրոնում. հազարավոր մարդիկ տարհանվել են, ամբարտակի վրա 20 մետրանոց ճեղք է առաջացել, կա փլուզման վտանգ (տեսանյութ)
Չինաստանի Հենան նահանգում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով շուրջ 10 հազար մարդ տարհանվել է և տեղափոխվել ապաստարաններ, հայտնում է BBC լրատվականը։
Ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 10 քաղաք։
Հենան նահանգը, որտեղ բնակվում է 94 միլիոն մարդ, անսովոր անձրևոտ եղանակային պայմաններում է գտնվում։ Տարհանված 10 հազար բնակիչներից բացի, Չժանչժոու քաղաքում ջրհեղեղի հետևանքով մահացել է 12 մարդ։
Մտավախություն է առաջացել, որ նահանգի Լոյան քաղաքում գտնվող ամբարտակը կարող է փլուզվել, քանի որ վերջին շրջանում փոթորիկների հետևանքով այն վնասվել է։ Մասնագետների տեղեկություններով՝ ամբարտակում 20 մետրանոց ճեղք է առաջացել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չժանչժոու քաղաքի մետրոյի թունելը ջրհեղեղի պատճառով հեղեղվել է, որի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, կա 5 վիրավոր։ Թունելից շուրջ 500 մարդ է տարհանվել:
Վերջին օրերին Հենան նահանգի կենտրոնական և արևմտյան շրջաններում 50-90 մմ անձրև է տեղացել, իսկ կենտրոն համարվող Չժանչժոու քաղաքում տեղումների քանակը հասել է մինչև 329 մմ-ի:
Տեսանյութը՝ այստեղ: