Առուշը հայր ունի, ով աշխատել է դեռևս 1980-ական թվականներից.Գորիսի քաղաքապետի հայրը՝ իրենց՝ թալանի մեջ մեղադրողներին
ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ասաց, որ որդու կալանավորումից հետո հարյուրավոր զանգեր է ստանում տարբեր մարդկանցից ՝ աջակցության խոսքերով։
«Շատ են զանգում, անհանգստանում։ Հարյուրավոր մարդիկ են զանգում, թե ինչ անենք, ինչով օգտակար լինենք, ասում եմ՝ ոչինչ էլ մի արեք։ Իրենց ծրագրերին խանգարողներին ձերբակալում են: Ո՞վ է տեսել նման մարդուն ձերբակալեն, ով պատերազմի ամենաառաջին օրվանից ճակատում է եղել։ Ջոկատ է կազմել իր ընկերների, բարեկամների, հարազատների հետ ու գնացել առաջնագիծ՝ Ջրական (Ջաբրայիլ)։ Այնտեղից էլ հնարավորության դեպքում՝ զանգահարում էր ու թիկունքից հետաքրքրվում մեր տեղահանված հայրենակիցների մասին, թե ինչ է կատարվում, ոնց է արվում ու ոնց ենք կարողանում ապահովել սնունդով ու մնացած բոլոր պարագաներով, քանի որ մինչև իր առաջնագիծ գնալը՝ հոկտեմբերի մեկը, ինքն էր այդ բոլորը կազմակերպում։ Իր առաջնագիծ գնալուց հետո թիկունքի աշխատանքները ես էի կազմակերպում։ Արցախից տեղահանվածներից 13-14 հազար մարդ Գորիսում էին ապաստան գտել, ո՞նց կարող էինք նրանց թիկունք չլինել, նրանց բոլորին կերակրել ու տեղավորել էր պետք, որը մենք արել ենք սրբորեն»,-ասում է Գագիկ Առուշանյանը։
Նա հավելում է, որ մինչ օրս էլ մեր տեղահանված հայրենակիցներից մոտ 4000-ը բնակվում են Գորիսում, ովքեր ունեն իրենց ամենօրյա խնդիրները, որոնք լուծվում են իրենց կողմից։ Առուշանյանի հայրը շեշտում է, որ պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո պետության կողմից որևէ աջակցություն չի ցուցաբերվել տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար.« Ոչ էլ զանգել են, որ հարցնեն՝ ո՞նց է կատարվում, ի՞նչ է կատարվում, ու՞մ միջոցներով է կատարվում։ Դա դեռ ոչինչ, բայց որ որդուս նախաձեռնմամբ շուրջ 3000 զոհված է բերվել Գորիս, հետո տեղափոխվել Երևան և տարբեր շրջաններ, ճակատին հաց ու մթերք է հասցվել, դա ո՞վ է արել, ո՞վ է գոնե 1 լիտր վառելիք տվել։ Միայն 250 տոննա դիզվառելիք ու բենզին է ծախսվել, որից 50 տոննան մարզպետարանն ու բարերարներն են տվել, իսկ 200 տոննան մեր անձնական միջոցներով է ձեռքբերվել։Մեր այս չբարձրաձայնելով ՝ ստացվում է, որ մենք ոչինչ չենք արել։ Չբարձրաձայնելու հետևանքն է, որ այսօր հարյուրավոր մեկնաբանություններ եմ կարդում այն մասին, որ թալանել են, կամ թե Առուշի այդքան երիտասարդ տարիքին, որտեղից իրեն այդքան կարողություն։ Ու մեկնաբանողներից ոչ մեկ չի տրամաբանում, որ Առուշը հայր ունի, ով աշխատել է դեռևս 1980-ական թվականներից, Ուկրաինայում զբաղվել ձեռնարկատիրական լուրջ գործունեությամբ և լուրջ կարողությամբ Հայաստան վերադարձել 1990 թվականին՝ պատերազմին մասնակցելու համար»,- ասում է Առուշանյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: