«Դիմադրել է, չեն կարողացել գերեվարել, բանակցությունները 4-5 ժամ տևել են». կոմբայնավարի եղբայրը մանրամասներ է պատմում
Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Արթուր Առուշանյանն իր կոմբայնով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածք անցնելիս կարողացել է դիմադրել ադրբեջանցիներին եւ գերի չի ընկել։ Այս մասին NEWS.am-ին պատմել է Արթուր Առուշանյանի եղբայրը՝ Ալիկ Առուշանյանը։
«Գյուղում հունձ անելիս է դեպքը տեղի ունեցել։ Մի 7 մետր երեւի իրենց տարածքում է եղել, չի իմացել եղբայրս։ Եղբայրս դիմադրել է, այդ ընթացքում չեն կարողացել իրենք տանեն»,- պատմեց նա։
Հարցին՝ արդյոք կոմբայնը կարողացե՞լ են հետ բերել, Առուշանյանն ասաց. «Մեծ դժվարությամբ, մի կերպ, բայց կարողացել ենք բերել։ Ռուս սահմանապահները, համայնքապետը իրենց հետ բանակցություններ էին տանում։ Բանակցությունները մոտ 4-5 ժամ են տեւել»։
Նա պատմեց՝ երբ իր եղբայրը մտել էր դաշտերը հնձելու, 10 մետր մտել էր իրենց տարածք, իրենք էլ եկել էին կոմբայնավարի հետեւից. «Երբ ադրբեջանցիները մոտեցել են եղբորս, այդ ժամանակ մի սանտիմետր էլ չէր անցել, իրենք են սահմանն անցել այդ դեպքում, ու եկել են եղբորս հետեւից, որ գերեւարեն։ Տրակտորով վարել են՝ որպես սահման, որ այլեւս իրենց վերահսկողության տակ եղած տարածք չանցնենք»։