Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է
Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Այս մասին ասել է նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։
«Որոշումը բողոքարկելու ենք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է պայմանավորված այդ որոշումը, բայց այն անօրինական է»,– ասել է նա և նշել, որ Ռոբերտ Սուքիասյանն ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին, խոստացել է աջակցել նախաքննությանը։
Հիշեցենք, որ երեկ Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։
Հիշեցնենք նաև, որ Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով միջադեպին, անընդունելի է համարել այն։ «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա: