Նորվեգիայի ԱԳՆ-ն Չինաստանին մեղադրել է երկրի խորհրդարանի վրա կիբերհարձակում կատարելու համար
Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի խորհրդարանի վրա մարտ ամսվա կիբերհարձակման հետևում կանգնած են չինացի հաքերները: Այս մասին տեղեկացնում է Norway Today պարբերականը` հղում տալով երկրի ԱԳՆ հայտարարությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մարտին Նորվեգիայի խորհրդարանը (Ստորտինգ) հայտարարել էր, որ կիբերհարձակման է ենթարկվել Microsoft Exchange-ում խոցելի տեղերն օգտագործող հաքերների մասին հաղորդագրությունների ֆոնին: Ստորտինգը այնուհետև նշել էր, որ հարձակման մասշտաբները դեռ անհայտ են, ինչպես նաև, անհայտ է, թե ով է կանգնած դրա հետևում:
«Հետախուզական տվյալների մանրակրկիտ վերլուծությունից հետո մենք եկել ենք այն եզրակացության, որ Ստորտինգի տվյալների անվտանգության լուրջ խախտումը կատարվել է Չինաստանից»,-հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն:
Նա հավելել է, որ նույն եզրակացությանն են եկել ԵՄ-ում Նորվեգիայի դաշնակիցները, ինչպես նաև Microsoft ընկերությունը:
«Չինաստանի ղեկավարությունը պետք է կանխի նման հարձակումները: Հուսով ենք, որ Չինաստանը լուրջ կվերաբերվի այս խնդրին, և նման դեպքեր այլևս չեն կրկնվի»,- ասել է նախարարը:
Պարբերականը հայտնում է, որ կիբերհարձակման հետաքննության արդյունքների ֆոնին Նորվեգիայում Չինաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ: