Լրտեսող ծրագրերն օգտագործվել են լրագրողներին և ակտիվիստներին հետեւելու համար. ԶԼՄ-ներ
Ահաբեկիչներին եւ հանցագործներին հետեւելու համար նախատեսված ծրագրակազմը օգտագործվել է լրագրողներին, իրավապաշտպաններին եւ գործարարներին պատկանող սմարթֆոնները կոտրելու համար: Այս մասին ասվում է Washington Post-ի, Guardian-ի, Le Monde-ի եւ 14 այլ լրատվական կազմակերպությունների կողմից հրապարակված համատեղ հետաքննության մեջ:
Forbidden Stories եւ Amnesty International ոչ առեւտրային կազմակերպությունները կարողացել են ձեռք բերել 2016թ. NSO Group-ի կողմից հավանական հսկողության համար ընտրված 50.000 համարներով ցուցակը: Հետաքննությունը պարզել է, որ այն պարունակում է արաբական թագավորական ընտանիքների մի քանի անդամների, առնվազն ձեռնարկությունների 65 ղեկավարների, 85 իրավապաշտպանների, 189 լրագրողների եւ ավելի քան 600 քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ դիվանագետների, ռազմական եւ անվտանգության աշխատակիցների հեռախոսներ: Ցուցակում ներառված են նաեւ մի քանի պետությունների ղեկավարների եւ վարչապետների համարներ:
Նաեւ առկա են CNN, Associated Press եւ Bloomberg գործակալությունների, ամերիկյան Wall Street Journal, New York Times եւ ֆրանսիական Le Monde թերթերօ, ինչպես նաեւ մի շարք այլ հրատարակությունների աշխատակիցների հեռախոսահամարներ:
Ցանկում նշված չէր, թե համարներից որի նկատմամբ է հսկողություն իրականացվում: Այնուամենայնիվ, Amnesty-ի հատուկ ստորաբաժանումը ստուգել է 67 սմարթֆոն, որոնք, ըստ հետազոտոների, կարող էին թիրախ դառնալ ծրագրակազմերի համար. 23-ի մեջ եղել են լրտեսող ծրագրեր, եւ եւս 14-ը կոտրելու փորձ է կատարվել:
NSO-ի գործադիր տնօրեն Շալեւ Խուլիոն The Post-ին հայտնել է, որ «որոշ դեպքերում իրենց հաճախորդները կարող են չարաշահել համակարգը», եւ եթե այդ մասին հայտնի է դառնում, ընկերությունը արգելափակում է նրանց մուտքը: Հրատարակությունների տվյալների համաձայն՝ իրենց հետ աշխատում են 40 երկրների հետախուզական, ռազմական եւ իրավապաշտպան մարմիններ: