Պեկինի ռազմական ցուցահանդեսում ներկայացվել է ձկան տեսքով ստորջրյա ինքնակառավարվող սարք (տեսանյութ)
Չինաստանում կազմակերպված ռազմական էքսպոյի ժամանակ ներկայացվել է ստորջրյա ինքնակառավարվող սարք, որն առաջին հայացքից դժավար է տարբերել սովորական ձկանից:
Ինչպես նշում է Oddity Central-ը, ինքնատիպ սարքը ներկայացվել է Պեկինի ռազմական էքսպոյի շրջանակում: Տաղավարում տեղադրված է եղել մեծ ջրաման, որում լողացել է ռոբոտ ձուկը` գրավելով ներկաների ուշադրությունը:
Ուշագրավ սարքը ստեղծել է չինական Boya Gongdao ընկերությունը` փորձելով այնպես անել, որ ռոբոտի տեսքն ու շարժումները հնարավորին մոտ լինեն իրականին: Այն համալրված է բազում զգայակներով, տեսանելիության վերահսկման տեխնոլոգիայով, ինչպես նաև 6-8 ժամ աշխատանքային տևողությամբ մարտկոցով:
Այն կարող է առավել օգտակար լինել կրթության և գիտական հետազոտությունների, ինչպես նաև ծովային կենսաբանության հետազոտության մեջ, բայց չի կարելի անտեսել դրա ներուժը նաև լրտեսության և հսկողության ոլորտում: