«Հռոմեական ռուբին». Ճապոնիայում ռեկորդային գնով՝ 12 700 դոլարով խաղողի ողկույզ է վաճառվել
Ուրբաթ ճապոնական Իսիկավա պրեֆեկտուրայի Կանաձավա քաղաքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ ռեկորդային 1,4 մլն իենով (12 700 դոլար) վաճառվել է «հռոմեական ռուբին» հազվագյուտ տեսակի խաղողի ողկույզը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, Կանաձավայում անցկացվող աճուրդի ժամանակ երրորդ տարին անընդմեջ ռեկորդ է սահմանվում տվյալ տեսակի խաղողի ողկույզի վաճառքի համար: Այս տարի այն գնել է Թայվանում ճապոնական սուպերմարկետների ցանցի սեփականատերը:
«Հռոմեական ռուբին» տեսակը ճապոնացի այգեգործները մշակում են դեռևս անցյալ դարից, սակայն շուկա այն դուրս է բերվել 2008 թվականին: Խաղողի ալ կարմիր հատիկները չափսով համեմատելի են պինգ-պոնգի գնդակների հետ, իսկ պտղանյութը հայտնի է քաղցրությամբ, ինչը բնորոշ է այս տեսակին: Չափանիշների համաձայն` շաքարի մասնաբաժինը խաղողի հատիկում պետք է կազմի պտղի պարունակության առնվազն 18 տոկոսը: