Կուբայի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների կազմակերպման մեջ
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարրիլիան հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն անմիջականորեն ներգրավված են երկրում իրականացվող բողոքի ակցիաներին, հաղորդում է ТАСС-ը:
«Հուլիսի 11-ին բողոքի ակցիաներին մասնակցել են նրանք, ովքեր ԱՄՆ-ում կարող են «օտարերկրյա տերության գործակալներ» համարվել, նրանք, ովքեր ֆինանսավորվում ու հրահանգավորվում են արտերկրից, դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաներով են շրձում, հանդիպում ամերիկացի դիվանագետների հետ, մշտապես այցելում դիվանագիտական կառույցներ և մշտապես իրենց գործողություններով դեմ են դուրս գալիս Կուբայի օրենքներին և սահմանադրական կարգին»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ ակցիաներին նաև քրեական անցյալ ունեցող անձինք են մասնակցել:
Ակցիաներն ու զանգվածային անկարգությունները, որոնք ուղեկցվում են ոստիկանական ուժերի հետ պարբերական բախումներով, մայրաքաղաք Հավանայում և երկրի այլ քաղաքներում սկսվել են հուլիսի 11-ից:
Հուլիսի 13-ին ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև բախումների ժամանակ մեկ մարդ է մահացել, կան վիրավորներ:
Ցուցարարները պահանջում են արագացնել պատվաստման տեմպերը, մինչդեռ Կուբայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում` օրական մոտ 7000 դեպք: Կիրակի գրանցվել է մահվան 47 դեպք:
Կուբան անցյալ տարի 11 տոկոս տնտեսական անկում է գրանցել:
Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը, մեկնաբանելով տեղի ունեցող ցույցերը, հայտարարել է, որ դրանք սադրանք են ԱՄՆ–ի ուղարկած վարձականների կողմից` երկիրն ապակայունացնելու համար: