Մասկը դատարանում խոստովանել է, որ «ատում է Tesla-ի ղեկավար լինելը»
Միլիարդատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ իրեն հաճույք չի պատճառում Tesla ընկերության ղեկավար լինելը:
«Ես ավելի շուտ ատում եմ դա, և ես շատ ավելի կնախընտրեի ժամանակս ծախսել դիզայնի և ինժեներիայի վրա», - դատարանում ասել է նա:
Ինչպես նշում է BBC-ն, Tesla-ի միլիարդատեր հիմնադիրը այս մասին ասել է դատավարության սկզբում. նա մեղադրվում է ընկերության խորհրդի անդամների նկատմամբ ճնշում գործադրելու և արևային մարտկոցներ արտադրող ձեռնարկությունը 2,6 միլիարդ դոլարով գնելու համար: Բաժնետերերը պնդում են, որ ավտոարտադրողի փողերը վատնվել են SolarCity-ն գնելու վրա, որը, նրանց պնդմամբ, արագ զրկվում է ունեցած փողերից:
Forbes-ի գնահատմամբ՝ 168 միլիարդ դոլար կարողության տեր Մասկի դեմ հայց ներկայացրած բաժնետերերը դատարանից խնդրել են, որ նա Tesla-ին ամբողջությամբ մարի 2,6 միլիարդ դոլարը: Եթե դատարանը բավարարի հայցը, դա կլինի անհատի դեմ կայացված ամենամեծ դատավճիռներից մեկը: