Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին մեղադրել է պետության դեմ դավադրութուն կազմակերպելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների բողոքի կիրակնօրյա ակցիան, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձն է եղել, որը կազմակերպվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի կողմից:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վարչապետի խոսքով` ընդդիմադիրները երազում են փոխել իշխանությունը «ռևանշի միջոցով, ինչը ղեկավարությունը թույլ չի տա»:
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նրանց բողոքի համար պատճառ էր դարձել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանրահավաքի ժամանակ տուժած օպերատորի մահվան լուրը:
Բողոքի դուրս եկած քաղաքացիների կարծիքով` հենց վարչապետի խոսքերն են ագրեսիա հրահրել: Վերջինս հուլիսի 5-ին հայտարարել էր, որ աննպատակահարմար է համարում այդ օրը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «Արժանապատվության երթի» անցկացումը:
Հիշեցնենք, որ կիրակի իր բնակարանում մահացած է հայտնաբերվել TV Priveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, որին ծեծի էին ենթարկել հուլիսի 5-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Վերջինս մի քանի օր բուժում էր ստացել հիվանդանոցում և դուրս գրվել:
Հիշեցնենք, որ վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը, ինչի մասին լրագրողներին հայտնել է «Լելո - գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ղեկավարը: