Թբիլիսիում սեռական փոքրամասնություններին դեմ քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մոտ, շենքի վրայից պոկել ԵՄ դրոշն ու այրել այն (տեսանյութ)
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, շենքի վրայից պոկել Եվրամիության դրոշն ու այրել, որի կադրերը ցույց է տվել «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է նախ քաղաքական գործիչների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրահավաք, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել ավելի վաղ սեռական փոքրամասնություններին դեմ արտահայտվողների բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողների հետ: Միևնույն ժամանակ, ոչ հեռու հավաքվել են ԼԳԲՏ համայնքին դեմ քաղաքացիները և ավանդական արժեքների կողմնակիցները: Նրանց միջև կանգնել են ոստիկանները: Նրանք մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական պաշտնեշը, քարեր ու շշեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, ոստիկանները մի քանի մարդու բերման են ենթարկել:
Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների խաղաղ ակցիան ավարտվել է, ոստիկաններն աստիճանաբար դուրս են բերել հավաքվածներին տարածքից, որից հետո հրապարակը զբաղեցրել են նրանց հակառակորդները: Առաջինը, որ նրանք արել են, պոկել են Եվրամիության դրոշն ու այրել այն:
Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել է «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են իրականացրել: Երկուշաբթի նախատեսվում էր նաև «Արժանապատվության երթ» անցկացնել, սակայն այն չեղարկվել էր Վրաստանում բարձրացած բողոքի ալիքի պատճառով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթին դեմ արտահայտվողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ:
Երեկվա միջադեպից տեսանյութը կարող եք դիտել այստեղ: