Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը զբաղված են գերիների վաճառքով, Արևմուտքն էլ ողջունում է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը և Ալիևը զբաղված են գերիների վաճառքով, Արևմուտքն էլ ողջունում է դա: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ուղղակի հակադրվում է դրանց: Ուզում եմ նշել, որ շատ հատկանշական է, որ միջազգային հանրությունը մինչև անգամ ողջունում է: Այսինքն ՝ այստեղ կա այնպիսի աշխարհաքաղաքական շահերի պայմանավորվածությունների կծիկ, ինչը Նիկոլ Փաշինյանի թիմը դարձնում է երանելի թիմ և՛ Ալիևի, և՛ Եվրոպայի համար: Այդ թիմը երանելի թիմ է նաև ՀՀ-ում այն խավի համար, որոնք ընդգծված պրոթուրքական կողմնորոշում ունեն»,- մանրամասնեց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հողերի հետ միասին նաև գերիներ էին հանձնվել Ադրբեջանին: «Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվում էր հողեր հանձնելու փաստաթուղթը, և հանձնվեցին հողեր, որոնց մասին գրավոր որևէ նյութ չկա, այդ տարածքներում շարունակում էին պայքարել: Ագրեսիայի դեմ պայքարող զինվորներին և սպայական կազմին հողերի հետ միասին հանձնել են Ադրբեջանին: Դա եղել առաջին դրվագը: Երկրորդը, երբ դեկտեմբերին ուղարկում են 64 անձի դեռ հայկական վերահսկողության տակ դտնվող տարածք, որոնց և հայտարարել են «ահաբեկիչներ»: Այդ գերիներին դարձրել են առևտրի առարկա»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը պիտի ասի, թե ինչ իրավունքով է հանձնում ականապատ տարածքների քարտեզները, եթե դրանք ՀՀ տարածքին չեն առնչվում:
«Այն հողերը, որոնց մասին մենք խոսում ենք, չեն պատկանում ՀՀ-ին, դրանք Արցախի Հանրապետության տարածքներ են: Ըստ երևույթին Արայիկ Հարությունյանի հետ է համագործակցում, նա համագործակցությամբ իրեն չպատկանող գաղտնիքների, նյութերի, իր վերհսկողության տակ չգտնվող տարածքների շուրջ առևտուր է անում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.