«Իմ քայլը» խմբակցությունը չընդունեց Արցախի ապագային առնչվող հայտարարությունը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել, որ առնվազն ինքն իր համար հասկանա՝ ինչ է Արցախը, ինչ նպատակներ կան Արցախի ապագայի մասով,այս հայտարարությունն այդքանով էր կարևոր․այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մենք ուրվագծել ենք որոշակի բաներ, որոշակի թեզեր և ճակատագրական ձևակերպումներ, որոնք պետք է անպայման տեղ գտնեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Այս հայտարարության նախագիծը ներառված էր հունիսի 15-ի քառօրյա նիստերի հերթական օրակարգում, բայց այդ օրերին մարդիկ զբաղված էին քարոզարշավով և քվորում չկար»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացությունը, և ագրեսիայի պատճառով տարածաշրջանում նոր պատերազմ է հրահրվել, որտեղ ադրբեջանական կողմից օգտագործվել է արգելված զենքեր և նշվում է Արցախի ապագային առնչվող թեզեր: Թագուհի Թովմասյանը ընդգծեց, որ մինչ այժմ «Իմ քայլը» խմբակցությունը ժամանակ չի գտնում այս հայտարարությունը ընդունելու համար:
«Այս փաստաթղթին իրենց դրական եզրակացությունն էին տվել ինչպես ՀՀ ԱԳՆ-ն, որը մեկ ամսից ավելի է գոյություն չունի, իր քվեարկությամբ համաձայնություն էր տվել արտաքին գործերի հանձնաժողովը, ինչպես նաև կառավարության մյուս գերատեսչություններ, բայց այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից»,- նշեց նա: