Նոր ավտոբուսներում միայն 100 դրամանոցներով վճարումը անհարմարություն է առաջացնում. քաղաքացիները բողոքում են, քաղաքապետարանը՝ հակադարձում. armdaily.am
Արդեն մի քանի շաբաթ է Երևանը սպասարկում են կոմպակտ դասի նոր ավտոբուսները։ Նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 10 երթուղիներ։
Այս նոր ավտոբուսներում գումարը հավաքող սարքեր կան, որոնք սակայն միայն 100 դրամանոց մետաղադրամ են ընդունում։
ArmDaily.am-ը քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ այս հանգամանքը որոշակի անհարմարություն է առաջացնում տրանսպորտից օգտվելիս։ Եթե օրինակ ուղևորի մոտ 200 դրամանոց մետաղադրամ է, ապա նա կամ պետք է չօգտվի այդ ավտոբուսից, կամ մյուս ուղևորներից խնդրի մանրել գումարը։
Այս հարցով մենք դիմեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, ով ասաց, որ հանրությունը իրազեկվել է տրանսպորտից օգտվեու այդ կանոնի մասին։
«Ես համաձայն չեմ, որ դա անհարմարություն է։ Տրանսպորտից օգտվելու պայմանն է այդպիսին, որի մասին մենք անընդհատ տեղեկացրել ենք մեր հարգելի համաքաղաքացիներին, որ նոր տիպի կոմպակտ ավտոբուսներում վճարման համակարգը հետևյալն է. պետք է վճարել նստելիս, և վճարել 100 դրամանոցներով։
Դա ինքնանպատակ չէ, բնականաբար։ Դա կոնկրետ նպատակ է հետապնդում՝ վերահսկել երթուղային տրանսպորտի մուտքերը և պլանավորել նաև քաղաքային տրանսպորտի աշխատանքը։ Այն ավելի հեռահար նպատակ ունի տրանսպորտային ռեֆորմների ընթացքում»,- ասաց Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ տրանսպորտային ռեֆորմին զուգահեռ, երբ Երևան կգան 211 նոր, մեծ ավտոբուսները, այդ ժամանակ նախատեսվում է ներդնել էլեկտրոնային վճարման համակարգ զուգահեռ մետաղադրամներով վճարելուն։
«Դեռ մանրամասները այս պահին չասեմ, բայց կամ բանկային քարտով ուղևորները կվճարեն, կամ հատուկ էլեկտրոնային քարտ կունենան, որը պետք է պահեն և վճարեն»,- ասաց Կարապետյանը։