Իտալական քաղաքում տները վաճառքի են հանվել 1 եվրոյով
Իտալիայի լքված Լագոնեգրո քաղաքում հայտարարվել է 1 եվրոյով լքված տների վաճառք, հայտնում է CNN լրատվականը և հավելում, որ Լագոնեգրոյում բարենպաստ պայմաններ են․ ապագա սեփականատերերը ստիպված չեն լինի ապահովագրական կանխավճար վճարել։
Սովորաբար նման անշարժ գույք ձեռք բերելու համար պահանջվում է 2-ից 5 հազար եվրո և գումարը հետ է վերադարձվում, եթե սեփականատերը հասցրել է ժամանակին ավարտել վերանորոգման աշխատանքները։ Լագոնեգրոյի իշխանությունները ցանկանում են այսպիսով հնարավորություն տալ մարդկանց՝ առանց ավելորդ պահանջների և հոգնեցուցիչ ընթացակարգերի գնել «իրենց երազանքների» տունը։
«Մենք ուզում ենք, որ այս առաջարկը ո՛չ թե բեռ լինի, այլ հաճույք: Մենք հույս ենք դնում գնորդների բարեխղճության և նվիրվածության վրա, բայց անընդհատ հետևելու ենք աշխատանքի ընթացքին և վերանորոգման աշխատանքներին», - ասել է քաղաքապետ Միշել Ունգարոն:
Բացի այդ աղաքային իշխանությունը որոշել է իջեցնել փաստաթղթերի ձևակերպման վճարը՝ այն 2 հազարից դարձնելով 300 եվրո։ Միևնույն ժամանակ տան վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեն այն գնելու 3 ամիս հետո ոչ ուշ և ավարտվեն 3 տարվա ընթացքում։
Ներկայում քաղաքի պատմական կենտրոնում վաճառվում է 10 տուն՝ 40-150 քառակուսի մետր մակերեսով։ Վերոնշյալ տներից բացի կան նաև 40 լքված կառույցներ, որոնք նոր սեփականատերերի և վերանորոգման կարիք ունեն։ Քաղաքապետը նշել է, որ կառույցները սկզբնական տեսքին վերադարձնելու նպատակով սեփականատերերը պետք է 20 հազար եվրո ծախսեն։