Սաուդցիները, որոնք մասնակցել են ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, մարտական պատրաստություն են անցել ԱՄՆ-ում. NYT
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցած սաուդցիները մարտական պատրաստություն են անցել ԱՄՆ-ում՝ Պետդեպի հավանությանն արժանացած պայմանագրի շրջանակում, գրում է The New York Times-ը՝ փաստաթղթերի և աղբյուրների հղումով:
Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Սկզբում թագավորության իշխանությունները հերքում էին լրագրողի անհետանալը հյուպատոսարանում, սակայն որոշ ժամանակ անց, որոշ տեսանյութերի ու ձայնագրությունների ի հայտ գալուց հետո, ստիպված եղան խոստովանել, որ Խաշոգջին սպանվել է «հյուպատոսության աշխատակիցների հետ վիճաբանության արդյունքում»: Թուրքական ոստիկանությունն այդպես էլ չկարողացավ գտնել նրա մարմինը, որը, ըստ լրատվամիջոցների, քայքայել են լուծույթով:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ 4 սաուդցիներին վերապատրաստել է Tier 1 անվտանգության ընկերությունը՝ Արքանզասում:
Պետդեպարտամենտը Tier 1 ընկերությանն արտոնագիր էր տրամադրել սաուդյան թագավորական գվարդիայի ռազմական պատրաստության համար 2014 թվականին:
Cerberus Capital Management ընկերության գործադիր տնօրենը, որին պատկանում է անվտանգության ընկերությունը, հայտնել է, որ ուսումնական ծրագիրը «ոչ մի կապ չունի լրագրողի սպանության հետ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակն այս տարվա փետրվարին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանն անձամբ է հավանություն տվել լրագրողի սպանությանը: