«Տոկիո 2020»-ի ժամանակ արգելվել է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչներն արգելել են Օլիմպիական խաղերի անցկացման վայրերում ալկոհոլի վաճառքը, հայտնում է The Japan Times-ը։
Ավելի վաղ կազմկոմիտեն քննարկել էր որոշ սահմանափակումներով ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը թույլատրելու հնարավորությունը, ինչը որոշակի բողոք առաջացրեց, և որոշում կայացվեց ալկոհոլի վաճառքն ու օգտագործումն ամբողջությամբ արգելել։
Ալկոհոլի վերաբերյալ արգելքից բացի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունների համաձայն՝ 37,5 և ավելի մարմնի ջերմաստիճան ունեցողների մուտքը մրցումների անցկացման վայր պետք է արգելվի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննարկվում էր «Տոկիո 2020» օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու հարցը, ինչը, Տոկիոյում արտակարգ դրության վերականգնման դեպքում, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան չի բացառել։
Հիշեցնենք նաև, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Տոկիոյում։