Ես այս իշխանությունից հաշտության ձեռք չեմ նկատել. Ռոբերտ Քոչարյան
Ես հաշտության ձեռք չեմ նկատել, առաջինը՝ այս իշխանությունն այնքան է ստել, որ նրանց ուղղակի հավատալ հնարավոր չէ: 44 օր ստած իշխանությունն ինչ-որ նոր բաներ է ասում և անմիջապես նրանից հետո մեկ ուրիշն այլ բան է ասում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով երեկ Փաշինյանի հավաքի ժամանակ համախմբման առաջարկի մասին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Կարծում եմ, որ սա ոճ է դիտորդներին կամ որևէ մեկին ինչ-որ բաներ ցույց տալու համար, ավելի շատ դրսի աշխարհին: Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն պիտի մի վեց ամիս իրենք պահեն հենց այդ ոճը, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, թե դա իրենց իրական ցանկությունն է: Չեմ կարող հավատալ սրան, քանի որ հենց այս պահին էլ մեր հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին կալանքի են ուզում տանել ինչ-որ անհեթեթ մեղադրանքով»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ 5000-ից ավելի զինվորի զոհվելու համար մեղադրվող անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որը հազարավոր կյանքեր է փրկել: «Սա է այս իշխանության իրական դեմքը, հիմա կրկնեմ՝ եթե նրանք իսկապես հաշտություն են ուզում, ապա իրենք կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով պետք է ցույց տան, որ իրենց մտադրությունը սա է, իրենց կոչերն ունեն զրոյական արժեք, համոզված եմ, որ այդպես է նաև ձեզ համար: Ես պայքարելու եմ, որն էլ անում եմ հիմա և այդ պայքարի համար ունենք շատ էական լծակներ»: