Մենք քաղաքական առևտրականներ չենք` ի տարբերություն շատերի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ընտրությունների արդյունքների մասին, նշեց, որ նման արդյունքի պատճառներից մեկն այն էր, որ քարոզարշավի ժամանակը կարճ էր և չէր կարող բոլոր գյուղական համայնքներում հանդիպումներ անցկացնել:
«Հարցն այն է, որ տեղի խնդիրներին դու տեղում պետք է ծանոթանաս անմիջապես այն մարդկանցից, որոնք այդտեղ են ապրում, և ես այն պաշտոնում չեմ, որ բոլոր հարցերին տիրապետեմ, թե որ շրջանում ինչ խնդիրներ կան ծառացած: Ես ասում էի, որ այո, բավականին լայնածավալ, հետաքրքիր տեղեկությունների ծանոթանալու հնարավորություն եմ ստացել քարոզարշավի ժամանակ, բայց քանի որ Կառավարությունը ձևավորել են իրենք, ապա այդ լուծումները պետք է տան իրենք, եթե մենք ստանայինք բավարար վստահության քվե, ապա այդ ստացած տեղեկատվությունը մեր ծրագրերում կներառեինք»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, թե ընտրությունների օրը՝ ուշ երեկոյան օտարերկրյա դիվանագիտական պատվիրակությունների հետ հանդիպումներ են եղել, որի արդյունքում եղել է ընտրության այս արդյունքը և հարցին, թե արդյոք տեղի ունեցածը կարելի՞ է համարել քաղաքական հանդիպում՝ նախագահը պատասխանեց՝ առաջին անգամ է նման բան լսում:
«Որևէ հանդիպում չի եղել, որևէ քաղաքական առևտուր որևէ մեկի հետ հնարավոր չէ, մենք քաղաքական առևտրականներ չենք՝ ի տարբերություն շատերի»,-պատասխանեց Քոչարյանը: