Հնդկացիները պատրաստվում են Վաշինգտոն տանել 5000 ֆունտ քաշով տոտեմային սյուն սրբազան հողերը պաշտպանելու համար
Հնդկացիները պատրաստվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն բերել 5000 ֆունտ քաշով (շուրջ 2268 կգ) տոտեմային սյուն, որպեսզի ուշադրություն հրավիրեն հողերի պաշտպանության ուղղությամբ, որոնք նրանք համարում են սրբազան, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Washington Post-ին:
400-ամյա մայրիից պատրաստված 7,62 մ բարձրությամբ տոտեմը կտեղափոխվի հուլիսի երկու շաբաթների ընթացքում: Այդ նպատակով ակցիայի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել արդեն 500 հազար դոլար:
Նախատեսվում է սյունը տեղափոխել կցորդիչով: Դրա երթուղին կընթանա հնդկացիների համար սրբազան վայրերով, օրինակ, Չակո Կանյոն ազգային պարկի եւ «Արջի ականջներ» ազգային հուշարձանի տարածքով: Այդ հողերը գտնվում են ռեսուրսների հնարավոր հայթայթման համար խողովակաշարեր տեղադրելու սպառնալիքի ներքո: Այնուհետեւ նախատեսվում է թողնել տոտեմն ԱՄՆ մայրաքաղաքում, ինչի համար այժմ ակցիայի կազմակերպիչները փնտրում են համապատասխան վայր: