Մեծ Բրիտանիան պայման է դրել Պուտինի և Ջոնսոնի հանդիպման համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը հնարավոր է, եթե Մոսկվան «դադարեցնի չարամիտ գործողությունները»: Ինչպես հայտնում է Взгляд-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը:
Ուոլլեսը հայտարարել է, որ «դեռևս չարամիտ գործողություններ են դիտվում»: «Սակայն, կարծում եմ, որ նախագահ Պուտինին դատելու ենք նրա գործողություններով»,- ասել է նախարարը` հավելելով, որ Միացյալ Թագավորության վարչապետն «անկասկած, բաց է յուրաքանչյուրի հետ հանդիպման համար, երբ կարևոր քայլ կա ձեռնարկելու»:
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ, ամենայն հավանականությամբ, կարվի, սակայն դա տեղի կունենա որոշակի գործողություններից հետո»:
Ուոլլեսը կարծիք է հայտնել, որ ՌԴ ղեկավարի և ԱՄՆ նախագահի բանակցությունները «բարեհաջող սկիզբ» են դարձել:
Բրիտանացի նախարարը նշել է, որ չի ցանկանում «մշտական ընդհարումներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև», սակայն հավելել է, որ հարաբերությունների կարգավորումը «կհիմնվի Մոսկվայի վարքագծի վրա»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտնել էր, որ Պուտինի և Ջոնսոնի միջև հանդիպում չի նախատեսվում, բայց այն հնարավոր է, եթե գերակշռի հարաբերությունները վերականգնելու Լոնդոնի քաղաքական կամքը: