Մերկելը Նացիստական Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակման օրն անվանել է գերմանացիների համար «ամոթի առիթ»
Մեծ Հայրենական պատերազմի մեկնարկի օրը ամոթի առիթ է, քանի որ Գերմանիան ընդունում է նացիստական իշխանությունների հանցագործությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված տեսաուղերձում երկրի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերին։
«Մի քանի օրից՝ հունիսի 22-ին լրանում է նացիստական Գերմանիայի կողմից Խորհրդային Միության վրա հարձակման հերթական տարին։ 1939 թվականին Լեհաստանի վրա հարձակումով Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեկնարկը տալուց հետո Գերմանիան բացեց հաջորդ սարսափելի էջը և մեզ՝ գերմանացիներիս համար, այս օրը ամոթի առիթ է», - ասել է Մերկելը և հավելել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գիտակցում է նացիստական ռեժիմի հանցագործությունների համար իր շարունակական պատասխանատվությունը։
Մերկելը նշել է, որ սա չպետք է մոռացվի, քանի որ իրենք պատասխանատվություն են կրում միլիոնավոր զոհերի և նրանց սերունդների առջև։ Նա հավելել է, որ այդ պատասխանատվությունը մեծացնում է իրենց պարտքը՝ աշխատելու հանուն խաղաղության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի։