ՌԴ-ում առաջարկել են բերքահավաքի սեզոնին լուծել աշխատանքային միգրանտների պակասի խնդիրը՝ չարտերային գնացքներ գործարկելով. «Կոմերսանտ»
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է լուծել աշխատանքային միգրանտների պակասի խնդիրը բերքահավաքի համար՝ չարտերային գնացքներ գործարկելով, գրում է «Կոմերսանտ»-ը:
Ինչպես հայտնում է էլեկտրոնային թերթը, գերատեսչությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ կարող է կազմակերպել չարտերային գնացքներ՝ սեզոնային աշխատանքների համար աշխատողներ բերելու համար: Առայժմ աշխատողները կարող են միայն օդային ճանապարհով երկիր տեղափոխվել, բայց դա թանկ տարբերակ է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս հարցը բարձրացվել է նախորդ շաբաթ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ:
Գյուղատնտեսության նախարարությունից «Կոմերսանտ»-ին հաստատել են, որ իրենք աշխատում են գյուղմթերք արտադրողների և մարզերի հետ՝ երկաթուղային նման փոխադրումներ սկսելու նպատակով կոլեկտիվ հայտեր ներկայացնելու համար:
Ընդհանուր առմամբ, այս տարի ագրոարդյունաբերական համալիրում նախատեսվում էր սեզոնային աշխատանքներում աշխատանքի տեղավորել հարևան երկրներից 38,2 հազար աշխատող: