Գագիկ Ծառուկյան․ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ պետք է ստորագրենք
Պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ մեզ աջակցում է, մենք պետք է մեր բարեկամական կապը վերականգնենք, ոչ թե խոսքով, այլ գործունեությամբ, ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ պետք է ստորագրենք: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմից հետո և ընտրություններին ընդառաջ ՀՀ անվտանգությունն ապահովելու մասին:
«Հայ և ռուս զինվորները պետք է ուս ուսի տված կարողանան մեր սահմանները պահել, որ կարողանան մեր անվտանգությունն ապահովել: Ոչ միայն ռուսի վրա պիտի հույս դնենք, այլ մենք ևս պետք է լիարժեք քայլեր կատարենք, զարգացնենք, հզորացնենք և պետք է որոշում կայացնենք, որ մեր 18 տարեկաններին առաջին գիծ չուղարկենք»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով՝ մեր թշնամի պետություններն աջակցում են իրար, ստեղծում հզոր բանակ և նույնը մենք պետք է անենք՝ Ռուսաստանի հետ համագործակցելով: «Էրդողանն ու Ալիևը մեր հողում՝ Շուշիում հարց բարձրացրին և թուղթ ստորագրեցին, որ Թուրքիան ցանկացած պարագայում Ադրբեջանի կողքին է լինելու, մենք ևս պետք է Ռուսաստանի հետ նույն ռազմաքաղաքական փաստաթուղթն ունենանք»:
Դիտարկմանը, թե ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր մեղադրում են հենց Ռուսաստանին և ասում, որ Ռուսաստանն Ադրբեջանի շահերն է պաշտպանում ու պետք է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք, ԲՀԿ ղեկավարն արձագանքեց՝ այդպես մտածողներին պետք է հուսախաբ անի, քանի որ եթե ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք, ապա կստացվի, որ համագործակցում ենք Թուրքիայի հետ, քանի որ վերջինս կառույցի անդամ է:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Ռուսաստանը չգնա, մնա, ավելի ամրապնդվի և մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի գործընկերները գան»,- նշեց Ծառուկյանը և հավելեց, որ Արցախի անվտանգության մասով պետք է թույլ չտանք, որ ՌԴ-ի հետ ունեցած պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վերջինս հեռանա հայկական սահմաններից: