Դեֆորմացիաներ, ճաքեր, բացակայող պտուտակներ և կիսավարտ զոդումներ. Մեքսիկայում 26 մարդու կյանք խլած մետրոյի վթարի պատճառը շինարարական թերացումներն են (տեսանյութ)
Անցյալ ամիս Մեխիկոյում մետրոյի գետնանցումի՝ մահացու ելքով փլուզման մասին նախնական զեկույցը ցույց է տվել, որ վթարը տեղի է ունեցել շինարարական թերությունների պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 22:00-ին, քաղաքի հարավ-արևելքում գտնվող մետրոյի 12-րդ գծի «Օլիվոս» կայարանի մոտ:
Քաղաքի հասարակական աշխատանքների վարչության նախագահ Խեսուս Էստևայի խոսքով՝ գծի երկայնքով հայտնաբերվել են շինանյութերի և կառուցվածքային հենարանների թերություններ:
Հետաքննության ընթացքում DNV նորվեգական աուդիտորական ընկերությունը հայտնաբերել է դրա նախագծման 6 թերություն: Դրանք ներառում են որոշ հեծանների վրա բացակայող պտուտակներ, ինչպես նաև թերի կամ կիսավարտ զոդումներ: Բացի այդ, փորձագետները փլուզված հատվածի օժանդակ հեծանների դեֆորմացիաներ և ճաքեր են հայտնաբերել:
Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ նախատեսվում է հատուկ թիմ ստեղծել մետրոյի գծի վերանորոգման ու ամրապնդման համար:
Նշենք՝ միջադեպի հետևանքով զոհվել է 26 մարդ: Երկրի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվել, որոնք ճնշում են գործադրել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի և մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմի՝ Լատինական Ամերիկայի ամենահարուստ մարդու դաշնակիցների վրա, որի շինարարական ընկերությունը՝ Grupo Carso-ն, մասնակցել է երկաթուղային գծի փլուզված հատվածի կառուցման աշխատանքներին:
Վթարի մասին նոր հաղորդագրությունները կհրապարակվեն առաջիկա ամիսներին: Մասնավորաապես, հուլիս և օգոստոս ամիսներին կհրապարակվի DNV-ի ևս երկու զեկույց: