Ընդամենը 47 տոկոս. կորոնավիրուսի դեմ գերմանական CureVac ընկերության պատվաստանյութն անարդյունավետություն է ցույց տվել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող գերմանական CureVac ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ընկերության ստեղծած պատվաստանյութի միջանկյալ վերլուծությունը ցույց է տվել վարակի նկատմամբ դրա անարդյունավետ լինելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 47 տոկոս։
«Այսօր ընկերությունը հայտարարել է փորձարկումների արդյունքները, որոնք իրականացվել են 40 հազար կամավորների շրջանում։ Պատվաստումների արդյունքում դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 47 տոկոս կորոնավիրուսային վարակի ցանկացած ծանրության դեպքում», - ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
CureVac-ը նշել է, որ պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալները ներկայացվել են Դեղերի եվրոպական գործակալությանը (EMA), և ուսումնասիրությունը շարունակվելու է մինչև վերջնական վերլուծության կատարումը։
Ավելի վաղ ընկերությունը ԵՄ երկրներ պատվաստանյութերի կենտրոնացված մատակարարման պայմանագիր էր կնքել Եվրահանձնաժողովի հետ և նշել, որ նախատեսում է 2022 թվականին արտադրել մինչև 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ։
Ընկերությունը CVnCoV պատվաստանյութի մշակումը սկսել է 2020 թվականի հունվարին, և նույն տարվա հուլիսից այն գտնվում է փորձարկումների փուլում։ Պատվաստանյութի վերջնական փորձարկումները սկսվել են 2020 թվականի վերջին։